Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը` Օսկար Այզեքի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ (տեսանյութ)
Հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան կայանալու է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում` սեպտեմբերի 11-ին:
Ֆիլմը, որի ռեժիսորն է իռլանդացի Թերի Ջորջը, նկարահանվել է Survival Pictures ընկերության կողմից:
Ինչպես ներկայացվում է կինոնկարի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ֆիլմի սյուժեի համաձայն` Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) որպես ուսանող բժիշկ ժամանում է Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)` ցանկանալով ժամանակից բժշկագիտությունը տարածել իր նախնյաց հողում, որտեղ մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերը դարեր շարունակ բնակվել են կողք կողքի:
Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) ևս ժամանում է Թուրքիա, որտեղ սիրահարվում է Անային (Շառլոտ Լը Բոն), հայ նկարչուհուն, որին ուղեկցում էր Փարիզից:
Միքայելն ու Անան հանդիպելով վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը: Սիրո եռանկյունու ձևավորման պահին Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմվելը, Դանիել Խիմենես Կաչոն, Շորե Ագդաշլուն:










