Սիրիայում հրադադարի ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում. Լավրովը՝ Քերիի հետ ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո։
«Երբ ռեժիմը հաստատվի, մենք կստեղծենք գործադիր կոմիտե, որում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու զինվորականները կզբաղվեն գործնական հարցերով՝ տարանջատելով ահաբեկիչներին ու ընդդիմությանը»,-ասել է նա։
Նա նշել է, որ ձեռք բերված համաձայնությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 12-ից։
«Փաստաթղթում ամրագրվել են ՄԱԿ-ի և «Կարմիր մահիկի» հետ համակարգմամբ մարդասիրական օգնություն հասցնելու մեխանիզմները՝ առաջին հերթին Հալեպ։ Նաև համաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների արձագանքման ընթացակարգը»,- ասել է ՌԴ նախարարը։
Նա, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։ Պայմանավորվածությունները, տեղեկատվության զգայունությունից ելնելով, չեն հրապարակվի։










