Կրակոցներ, ծեծկռտուք Էջմիածնում. քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է

10:12 • 17.09.16

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ին ասաց նրան աջակցող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Tert.am-ին «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ երեկ գիշեր հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Թումանյանը, ով այժմ գտնվում է Նյարդաբանական բաժանունքում։ 


Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով: Tert.am-ի տեղեկություններով կրակոցներ հնչել են միայն  Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել:

Ըստ Tert.am–ի աղբյուրի՝ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի  և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց:

Իսկ մինչ այդ, ըստ Tert.am–-ի տեղեկությունների, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ:

Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել:

Ըստ Tert.am-ի աղբյուրի՝ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել: Կարեն Գրիգորյանն այս պահին Էջմիածնում է:

 
Tert.am-ին ՀՀ ոստիկանությոնից հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և կատարել անհրաժեշտ գործողություններ: Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնի են: