Ծաղկահովիտում միջադեպի հեղինակը նախկին մարզպետի օգնականն է (տեսանյութ)

19:12 • 18.09.16

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի թիվ 14/1 ընտրատարածքում համայնքապետի թեկնածու Արայիկ Խանդոյանի կնոջը  ընտրատեղամասից դուրս հանող անձը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի օգնականն է՝ Կարեն Տոնոյանը:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց համայնքապետի թեկնածու Նորաին Հակոբյանը:

«Ով է թույլ տվել մուտք գործել մի մարդու ընտրատեղամաս, ով ոչ ընտրող է, ոչ վստահված անձ: Այլ տեղից եկել ու հրամաններ է տալիս: Հանրապետական կուսակցությունից է ու եկել է խանգարելու մեր գյուղի ընտրությունները»,-ասաց Հակոբյանը:

Ի դեպ՝ հանձնաժողովից Tert.am-ը ճշտեց, որ ՀՀԿ-ն Ծաղկահովիտի ընտրություններում գրանցել է երկու վստահորդ՝ Արթուր Խաչատրյանին ու Նորայր Անտոնյանին, Կարեն Տոնոյանը վստահորդների թվում չէր:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:30-ի սահմաններում 14/1 ընտրատարածքում քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվեց, որովհետև անհայտ անձը մուտք գործեց ընտրատեղամաս և հրամայեց դադարեցնել ընտրություններն ու դուրս հանեց Արայիկ Խանդոյանի կնոջը՝ ամուսնու պատկերով շապիկ կրելու համար:

Նշենք, որ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):

 

Մանրամասները՝ տեսանյութում: