Ծաղկահովիտում 10 000-ական դրամ ընտրակաշառք են բաժանել. համայնքապետի թեկնածու (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում շարունակվում է համայնքապետի և ավագանու ընտրությունները: Ընտրությանը մասնակցողներից մի քանիսը Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ սեպտեմբերի 15-ին համայնքում նպաստ ու 10 000-ական դրամ «օգնություն» է բաժանվել:
Գործող համայնքապետից բաժանված «նպաստի» մասին տեղեկությունը պարզել չհաջողվեց, սակայն Ծաղկահովիտ համայնքի թիվ 14/1 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո Ծաղկահովիտի համայնքապետի թեկնածու Նորաին Հակոբյանն անդրադարձավ «նպաստների» թեմային:
Tert.am-ի հետ հարցին, թե ինչ է բաժանվել, Նորաին Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում էդ ինչ նպաստներ են: Անունն էլ նպաստ են դնում, ինչ նպաստ, ընտրակաշառք է: 10 000-ներ: Այսօր էլ չեն ամաչում գալիս նստում են, վստահված անձ են բերում»:
Tert.am-ի հարցին, թե վստահված անձինք բերելու մասին խոսքը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մասին է, համայնքապետի թեկնածուն դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Ծաղկահովտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):
Մանրամասները՝ տեսանյութում:










