«Ինձ բերման ենթարկելը շոու է՝ Սևանի ոստիկանապետի կազմակերպած». Սևանի քաղաքապետ
Սևանի գործող քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեկնածու ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանն այսօր 4 ոստիկանի ուղեկցությամբ քաղաքապետարանից բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ով այս պահին գտնվում է քննչական կոմիտեում: Սևանի քաղաքապետը քննչական կոմիտե է տարվել Սևանի ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված քրեական գործով, սակայն չի ընդունում իր պատասխանատվությունն այդ առթիվ։
«Շոու ա, որը կազմակերպում ա Սևանի ոստիկանապետը, Աղեկյանը: Էդ շոուն կազմակերպել ա ինքը, խողովակները տարել ա, հանել ա, ես տեղյակ չեմ ոչ մի բանից: Ես հիմա եկել եմ բաժին, քննիչը արձանագրությունը կազմում ա, գնում եմ տուն: Շոու ա կազմակերպել, որ պիտի գան 4 հոգով գործող քաղաքապետին աշխատավայրից տանեն: Ինքնը նորից պրովակացիա ա անելու, էս չլինի, ուրիշ բան ա անելու»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց գործող քաղաքապետը:
Հարցին, թե Սևանի ոստիկանապետն իր դեմ ինչ- որ բան ունի՞, Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ մենակ իմ դեմ, այլ Սևանի ողջ ազգաբնակչության դեմ:
Հարցին, թե ասել է թե չի՞ ընդունում մեղադրանքը, ասաց. «Ինձ մեղադրանք չեն առաջադրել, ինձ վկա են կանչել, ուզում են մեղավոր հանել իմ ճարտարապետին, բայց չեն կարող, քանի որ ինքն ա արել դա: Ամեն ինչ օրինական ա, ինքը ուղղակի ասել ա՝ տարեք, տարել են: Սա շոու ա Սևանի ոստիկանապետի կատարմամբ: Դուք իրեն հարցրեք, ընկեր ոստիկանապետ, քաղաքային զբոսայգու խաղերը, ավտոդրոմի մեքենաները ո՞ւր են, որ տարել էիք բաժին: Դրա պատասխանը ստանալու ա հոկտեմբերի 2-ին: Մտնում ա բոլորի գրպանը, դրա համար էդ բաները անում ա»:
Իսկ իր ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հարաբերությունները լարվա՞ծ են հարցին ի պատասխան քաղաքապետն ասաց. «Էս բոլորը մարզպետի ձեռագիրն է, նրա միջոցով է էս ամեն ինչն արվում: Մի տարի ա՝ իմ թիկունքի հետևում այլ թեկնածու է նախապատրաստել»:
Ռուդիկ Ղուկասյանը ընտրությունները ավարտից հետո պատրաստվում է դիմել ՀՔԾ՝ Սևանի ոստիկանապետի գործողությունների դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրություններ են: Ղուկասյանի մրցակիցները Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանն ու անկուսակցական Արա Սմբատյանն են։










