«Հայկազ Բաղմանյանը հրաժարվո՞ւմ է որդուց, ում անունով գրանցված էր գազալցակայանը». գործարարը հակադարձում է ՊՆ պաշտոնյանին  

15:37 • 24.09.16

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի մասին Tert.am-ի հրապարակումից հետո խմբագրություն է եկել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը՝ պնդելով, որ Բաղմանյանը ոչ միայն ճանաչում է իրեն, այլև գազալցակայանի հետ ուղիղ կապ ունի, քանի որ այն գրանցված է եղել որդու՝ Պավել Բաղմանյանի անունով և որ խլել է իր տարածքը գույքի հետ միասին:

«Իհարկե ճանաչում է ինձ, Հայկազն ո՞վ էր Մարտունիում, որ գազալցակայան դներ: Հայկազը որտեղ, Մարտունին որտեղ: Գազալցակայան կառուցելը եղել ա իմ միտքը: Ես եմ դիմել «Հայռուսգազարդին»  թույլտվության համար: Բոլոր թույլտվությունների համար ես եմ դիմել: Պավելն իրա որդի՞ն չի, ում անունով էր գրանցված գազալցակայանը, հուլիսի 14-ին «Ժողովուրդ»-ի կայքում գազալցակայանի նոր գնորդն ասել է, որ գնել է Պավել Բաղմանյանից: Իրա տղուց հրաժարվո՞ւմ ա ինքն արդեն: Պավելն իրա որդին ա, ոնց կարա հրաժարվի»,- ասաց գործարարը՝ ներկայացնելով «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ի պետական գրանցման վկայականի ներդիրը, որով Մարտունու Կոմիտասի փողոցի 11 հասցեով գրանցված գազալցակայանի տնօրենը Վլադիմիր Բաղմանյանը, ով, ըստ գործարարի, Հայկազ Բաղմանյանի ազգականն է, իսկ Պավել Բաղմանյանը Հայկազ Բաղմանյանի որդին է:

Հայկազ Բաղմանյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել է, որ ոչ մի կապ չունի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հետ, ով իրեն մեղադրում է իր բիզնեսը խլելու մեջ:

«Ինքը մեղադրում ա, որ իրա ձեռքից խլել ենք գազալցակայանը, ես էլ ասում եմ՝ չենք խլել»,- Tert.am-ի հետ զրույցում պնդել էր Բաղմանյանը՝ հայտարարելով, որ ոչ ինքը, ոչ իր ընտանիքի անդամները գազալցակայան չունեն:

«Իհարկե, խլել է իմ տարածքն ու սարքավորումները»,-պնդում է գործարարը՝ շարունակելով. «Հայկազ Բաղմանյանը բիրտ ուժով մտել ա ու դուրս չի գալիս իմ տարածքից: Առանց որևէ փաստաթղթերի օգտագործում ա մեր ընկերության տարածքն ու շինմատերիալները: Ընդամենը սեփականատերն է փոխվել:

Ես պնդում եմ, որ հողի սեփականության փաստաթղթերն ունեմ: Ամեն տարի հողի հարկ եմ վճարում: Ես հարգելով իրա բարձր պաշտոնը որպես հայկական բանակի ներկայացուցիչ վստահել եմ իրան: Ես խոսքով հավատացել եմ իրան: Իմ նման զոհեր երևի շատ կլինի: Ում որ վաճառել է իմ տարածքը, մարդկանց փողը թող հետ տա ու հեռանա Մարտունու տարածքից»:

Հայկազ Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ գործարարն իրեն շանտաժ է անում ու որ այս գործն անցել է պատկան բոլոր մարմիններով ու գործարարը պարտվել է:

«Էդ ամեն ինչը օրինական ա, փաստաթղթերով ամրագրված ա, թող ինքը իրա շանտաժի համար պատասխան տա: Ինքը ժամանակին դատախազություն, հարկային, քննչական մարմիններ, նախագահի աշխատակազմ, Գազպրոմ, էլեկտրոցանց դիմել ա, էդ բոլորը դրանով զբաղվել են, էդ բոլորը սուտ են, մենակ Բաղդասարյան Թաթուլը ճի՞շտ ա: Եթե ինքն ասում ա, որ ես իր տարածքում իբր գազալցակայան եմ կառուցել, էդ գազալցակայանը մի հատ ծառ չի, թուփ չի, որ տանես, մարդու սեփական հայաթում տնկես, մարդը ձեն չհանի: Էդ ոնց էդ սեփականատերը առանց թղթի բռնեց իրա սեփական տարածքը հատկացրեց: Բանավոր պայմանավորվածության վրա տենց բան կանե՞ն, Դուք հավատո՞ւմ եք»,-հարց էր ուղղել ՊՆ պաշտոնյան:

Թաթուլ Բաղդասարյանն ասում է, որ հավատացել է Բաղմանյանին որպես ՊՆ պաշտոնյա ու նախնական պայմանավորվածությամբ ինքը պետք է կառուցեր գազալցակայանը, նոր հանձներ Հայկազ Բաղմանյանին, սակայն Բաղմանյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, սկսել է շահագործել գազալցակայանը: «Ես ասել եմ ու ասում եմ՝ ինքն ազդել է էդ բոլոր կառույցների վրա: Իրա հետ պայմանագիր կապելը անհնար էր, քանի որ երբ ես սկսել եմ ձեռք բերել փաստաթղթերը իմ տարածքում գազալցակայան կառուցելու «Պավել և ընկերներ» ՍՊԸ գոյություն չի ունեցել: Իսկ գազալցակայանը շահագործել է 2007-ից 300 ճնշումով, չգիտակցելով, որ կարող էր մարդկանց կյանքը խլեր»:

Գործարարը ՊՆ պաշտոնյանին հրավիրում է որևէ լրատվամիջոցի տաղավարում հեռուստաբանավեճի:

«Թող մեր դատն անի հանրությունը: Խնդրում եմ վարչապետին, իմ դատն անել: Դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, որ միանան ինձ ու հակահայկազյան շարժում ստեղծել, որ չկարողանա պաշտոնական դիրքը շահագործել»,-հայտարարեց քաղաքացին: