Եղիպատրուշում շրջանառվում է վարկած, որ տանից դուրս եկած ու չվերադարձած կինը փախել է ինչ-որ տղամարդու հետ

10:53 • 28.09.16

Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում այսօր արտասովոր վիճակ է, գյուղում փնտրում են Հ.Ե-ին, որը դուրս է եկել տանից ու չի վերադարձել:

Tert.am-ի հետ զրույցում Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ գյուղում կնոջ անհետացման տարբեր վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ երիտասարդ կինը գնացել է ինչ-որ տղամարդու հետ:

Ըստ գյուղապետի՝ կինն ամուսնացած էր, ուներ 1.5 տարեկան երեխա, ամուսինը Աֆղանստանում ծառայության մեջ է որպես խաղաղարար:

Գյուղապետը, պատասխանելով հարցին, թե 1,5 տարեկան երեխային կինը տանը մենա՞կ է թողել, պատմեց, որ տանը կա նաև սկեսուր:

Հաղորդել էինք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նշենք, որ դեպքի վայրում են ոստիկանությունն ու ԱԻՆ աշխատակիցները: