Սրտաբանական ինստիտուտի արդիականացումը՝ ժամանակի հրամայական. նշվեց սրտաբանականի 55-ամյակը

15:13 • 30.09.16

Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ հաշմանդամության ու մահացության հիմնական պատճառն ամբողջ աշխարհում: Սրտաբանների աշխատանքը չափազանց կարևոր է, իսկ Սրտաբանական ինստիտուտի հետագա արդիականացումը՝ ժամանակի հրամայական:

Այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած` Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման 55-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի ուղերձում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղերձն ընթերցեց Նախագահի օգնական Մարտին Զախարյանը:

«Պետության ջանքերով հնարավոր եղավ նաև զգալիորեն նվազեցնել սրտի կարևորագույն վիրահատությունների ինքնարժեքը: Այն զգալիորեն բարձրացրել է որակյալ բուժօգնության հասանելիությունը քաղաքացիների համար»,- ուղերձում նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Անկախության 25-ամյակի առթիվ Հայաստանում սրտաբանական վիրաբուժության զարգացման գործում ներդրած ավանդի համար այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի ակադեմիկոս, մեր հայրենակից Բագրատ Ալեքյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար. 2-րդ աստիճանի շքանշանով»:

Ոլորտում աչքի ընկած մի շարք մասնագետներ էլ պարգևատրվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից:

Սրտաբանական ինստիտուտի 55-ամյակը շնորհավորելու էր եկել նաև առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը: Սրտաբանական ոլորտում իրականացնելիք ծրագրերի մասին նախարարն ասաց. «Եկել եմ խորհրդակցելու սրտաբան կոլեգաների հետ, այդ թվում՝ արտասահմանից եկած, և մենք միասին, միասնական ուժերով ինչ-որ մի ծրագիր կներկայացնենք առաջիկայում»: 

 

 

 

 

 

Սրտաբանական ինստիտուտի արդիականացումը՝ ժամանակի հրամայական. նշվեց սրտաբանականի 55-ամյակը