Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Երուսաղեմում՝ մասնակցելու Շիմոն Պերեսի հուղարկավորությանը (ուղիղ միացում)
Երուսաղեմում սկսվել է Իսրայելի նախկին նախագահ և Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի հուղարկավորությունը, որն անցկացվում է «աննախադեպ» անվտանգության միջոցառումների ֆոնին՝ համաշխարհային ավելի քան 70 ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, գրում է The Guardian-ը:
Հերցլի լեռան ազգային գերեզմանատանն անցկացվող արարողությանը ներկաների թվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ այլ պետությունների նախագահների և արտգործնախարարների հետ միասին:
Առավել ապշեցուցիչը, սակայն, ինչպես գրում է լրատվամիջոցը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ներկայությունն է, որը չէր այցելել Երուսաղեմ 2010 թվականից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հուղարկավորվելու է Երուսաղեմում գտնվող գլխավոր ազգային գերեզմանատանը: Պերեսին հողին են հանձնելու Երուսաղեմի Հերցլի լեռան վրա, որտեղ հուղարկավորված են հրեական պետության և սիոնիստական շարժման ղեկավարներն ու առաջնորդները:
Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում՝ 93 տարեկանում:
Նշենք, որ 2013թ. մինչև իր պաշտոնաթողությունը Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավարը։ Նա 2 անգամ եղել է Իսրայելի վարչապետ, 2 անգամ՝ վարչապետի պաշտոնակատար, և իր քաղաքական կարիերայի ավելի քան 66 տարիների ընթացքում 12 անգամ եղել է Իսրայելի նախարարների կաբինետի անդամ:
Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։










