Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել է ֆիզիկայի բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է ամերիկյան համալսարաններում աշխատող 3 բրիտանացի ֆիզիկոսի:
Ջեյմս Թաուլեսը՝ Վաշինգտոնի համալսարանից, Դունքան Հալդեյնը՝ Փրինսթոնի համալսարանից և Ջոն Քոսթերլիցը՝ Բրաունի համալսարանից արժանացել են Նոբելյան մրցանակի «տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»:
Գիտնականները մշակել են առաջադեմ մաթեմատիկական մեթոդներ մատերիային բնորոշ հատկությունների և արտասովոր փուլերի նկարագրման համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։
Հայտնի է, որ երեկ ճապոնացի բջջաբան Յոշինորի Օսումին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել:










