Փրինսի կալվածքը բացվել է հանրության համար (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Շանհասեն քաղաքում հանրության համար բացվել է ամերիկացի երաժիշտ և երգիչ Փրինսի Փեյսլի պարկ կոչվող կալվածքը, հաղորդում է USA Today-ը:
Նշվում է, որ էքսկուրսիաները մեկնարկել են հոկտեմբերի 6-ին ու կշարունակվեն հոկտեմբերի 8-ին ու 14-ին:
Կալվածքն այցելած երկրպագուների խոսքերով` իրենք եղել են երգչի անձնական գրասենյակում, ստուդիայում և այլ սենյակներում: Ցուցանմուշների թվում են երգչի լուսանկարներն ու մրցանակները, այդ թվում` «Գրեմմի»-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ թանգարանի տարածքում սրճարան ու հուշանվերների խանութ կա, որում վաճառվում են բոսորագույն պայուսակներ, Purple Rain երգի բառերով շապիկներ ու այլ թեմատիկ արտադրություն:
Կայքը գրում է, որ ի սկզբանե էքսկուրսիաները պետք է ամենօրյա դառնային, սակայն քաղաքային խորհուրդը հետաձգել է ամրագրման դիմումի քննարկումն ու երեք օրվա ընթացքում էքսկուրսիաներ անցկացնելու ժամանակավոր թույլտվություն է տվել: Այս հարցի վերաբերյալ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 20-ին:




















