Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Պուտինի օգնական

17:14 • 13.10.16

Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման առիթով: Բայց մենք, բնականաբար, կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին:

 

Ընդ որում՝ ՌԴ նախագահի օգնականը հրաժարվել է բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ:

 

«Բայց դե, ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ լավատեսության համար հիմքեր չկան»,- հավելել է նա:

 

Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին հարցին ի պատասխան Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և բոլոր իրավունքներն ունի մատակարարելու այն զենքերը, որոնց մասին պայմանավորվել է գործընկերների հետ:

 

«Այստեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի համար: Ինչպես գիտեք, Ադրբեջան նույնպես զենք է մատակարարվում»,- ասել է Ուշակովը: