Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները բողոքի ակցիա  են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց

13:40 • 13.10.16

Սարի թաղում hուլիսի 19-ին տեղի ունեցած  միջադեպի  գործով կալանավորվածների հարազատները բողոքի  ակցիա  են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց ՝ պահանջելով  ազատ արձակել կալանավորվածներին։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ միջադեպի մասնակիցները, որոնք թվով 9-ն են, ոստիկանների նկատմամբ բռնություն չեն գործադրել, գնացել էին  պարզելու թե ինչու  գազ, տրանսպորտ չկա։

Tert.am- ի հետ զրուցում գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնացյանը, մանրամասնեց, որ  ամուսնու  խափանման միջոցի հարցը պիտի  քննվի, երկու  ամիսն անցել է, բայց դատական նիստերը հետաձգվում են, ամուսնու  նկատմամբ էլ ճնշումներ են գործադրվում.  «Դիմում-խնդրանք  ենք ներկայացնում  նախագահին, թող գործը ուշադրության կենտրոնում պահի, անչափահաս երեխայիս  ինչպե՞ս եմ պահելու, ամուսինս տան միակ աշխատողն էր»։

Լալա Բերնացյանը շեշտեց, որ  ձերբակալության  օրվանից ի վեր կալանավորվածների  իրավունքները  ոտնահարվում են  առաջին  հերթին հենց քննիչների  կողմից, որոնք գծած «սցենարով» փորձում են  գործը  հրամցնել դատարանին. «Ոստիկանների  ցուցմունքի հիման վրա ուզում են  տարիներով մեր տղաներին փակեն»։