Նախնական տվյալներով` ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող օդանավը Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին. ԱԻՆ
Հոկտեմբերի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ՝ 5 մահվան հանգեցրած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հարցերով։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՀՀ ԱԻ նախարարությունից տեսակապին մասնակցել են փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ–մայոր Ն. Գրիգորյանը և փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը:
ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնել են, որ նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվեն նաև ավտոբուսի վթարի հետևանքով ազգությամբ հայ երկու զոհի դիերը:










