Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու համար օդային տրանսպորտ կտրամադրվի

11:56 • 14.10.16

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին կարող են Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթով Երևան տեղափոխել: Այդ մասին ТАСС-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի բժշկական շրջանակներում:

 

«Պլանավորվում է, որ Բեսլան կժամանի ԱԻՆ-ի ինքնաթիռը՝ բժիշկներով, որոնք տեղում կորոշեն վիրավորների վիճակը և ինքնաթիռով նրանց տարհանման հնարավորությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ վիրավորները, հնարավոր է, բուժման տեղափոխվեն անմիջապես Երևան: «Որքանով հայտնի է՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը զինված է սարքավորմամբ, որը թույլ է տալիս թռիչքի ընթացքում բժշկական օգնություն տրամադրել»,- հավելել է աղբյուրը:

 

Միևնույն ժամանակ, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի կառավարությունում, Հյուսիսային Օսիայի իշխանությունները խոշոր ՃՏՊ-ից հետո օպերատիվ խորհրդակցության են պատրաստվում:

 

«Կանցկացվի օպերատիվ խորհրդակցություն ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը: Կա 5 զոհ։ 

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու համար օդային տրանսպորտ կտրամադրվի