Մոսուլի գործողության շրջանակում ԻՊ-ից արդեն 11 գյուղ է խլվել. Իրաքի վարչապետ (տեսանյութ)

15:20 • 17.10.16

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ այս առավոտ Մոսուլում սկսված ռազմական գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող 11 գյուղ արդեն հաջողվել է ազատագրել:

Այս մասին Աբադին հայտնել է Իրաքի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:


Միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է Իրաքում ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը: Գործողությանը մասնակցում են նաև տեղի քրդական ուժերը:

Այսօր ավելի վաղ ria.ru-ն՝ քրդական հրամանատարությանը հղումով, հաղորդել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:

 

Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:


Ստորև ներկայացնում ենք Մոսուլի գործողությունից հերթական թարմ կադրերը, որոնք հրապարակել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը.