Մահացած ծննդկանի երեխան նորմալ, առողջ երեխա է. ԱՆ
Նախօրեին Վանաձորում ծննդաբերությունից մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի երեխան երեկվա դրությամբ առողջության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Այլ մանրամասներ, հղում կատարելով նախաքննությանը և նշանակված դատաբժշկական փորձաքննությանը, բժշկուհին չհայտնեց` ասելով, որ ծննդկանի մահվան պատճառի, պատճառահետևանքային կապերի, բժշկական սխալի հավանականության մասին հարցերի պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը: Կարինե Սարիբեկյանը, սակայն չհերքեց, որ ծննդկանը մինչև ծննդաբերությունը հղիության պաթոլոգիայի կասկածով հիվանդանոցում պառկած է եղել:










