«Հոկտեմբերյան հեղափոխություն» Apple-ից. ինչ ակնկալել «խնձորային հսկայի»՝ հոկտեմբերի 27-ի միջոցառումից
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հրավիրատոմսեր է ուղարկել հոկտեմբերի 27-ին կայանալիք միջոցառման համար, գրում է gazeta.ru-ն՝ ենթադրելով, որ դրա շրջանակում կներկայացվեն «խնձորային հսկայի» մի շարք նոր արտադրանքներ:
Նշվում է, որ Apple-ը պատրաստվում է ներկայացնել 2012թ. ի վեր չթարմացված Mac համակարգիչների նոր մոդելները, որոնք, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, համալրված կլինեն macOS Sierra օպերացիոն համակարգով և կլինեն ավելի բարակ: Բացի այդ, ավանդական ստեղների փոխարեն ստեղնաշարի վերևի հատվածում կլինի սենսորային էկրան՝ համալրված վիրտուալ ստեղներով:
KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է Apple-ի արտադրանքի վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներով, ասել է, որ թարմացված Mac-երը կլինեն Apple-ի կողմից երբևէ իրագործված ամենանշանակալի թարմացումը:
Ըստ մասնագետի՝ նոր MacBook Pro նոութբուքը հասանելի կլինի 13 և 15 դյույմանոց անկյունագծերով էկրաններով, ինչպես նաև համալրված կլինի Touch-ID տեսածրիչով: Մինչդեռ սովորական MacBook-ի նոր մոդելները կներկայացվեն 12 և 13 դյույմանոց էկրաններով:
Նշվում է, որ թեև Apple-ն իր եկամտի մեծ մասը ստանում է iPhone սմարթֆոնների վաճառքի արդյունքում, այնուհանդերձ՝ համակարգիչներն ընկերության բիզնեսի կարևոր բաղադրիչներից մեկն են:










