ԱՄՆ-ի հայ համայնքը Հոլիվուդում Պատվո աստղ է շնորհել Շառլ Ազնավուրին (լուսանկարներ)
Հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը, ինչն իրականացվել է Կալիֆորնիայի հայ համայնքի նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնում է france24.com-ը, 92-ամյա Ազնավուրը, ում հաճախ կոչում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա», խորապես զգացված է եղել հայ համայնքի խորհրդանշական քայլից:
Աղբյուրը մանրամասնում է, որ շանսոնյեի անվան աստղը գտնվում է ոչ թե Փառքի ծառուղու գլխավոր հատվածում, այլ՝ դրա հարևանությամբ գտնվող մայթին:
«Ես տարիներ շարունակ Հոլիվուդ եմ եկել ու շատ եմ աշխատել Միացյալ Նահանգներում: Ամերիկան շոու բիզնեսի երկիր է»,- Agence France-Presse լրատվական գործակալության հետ զրույցում ասել է շանսոնյեն:
Բացի այդ, Ազնավուրը նշել է, որ անկախ տարիքից՝ ինքն ակտիվ ստեղծագործում է և դեռ շատ անելիքներ ունի:













