Իրաքի քրդերի առաջնորդն ասել է՝ որքան կտևի Մոսուլի ազատագրման գործողությունը
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ասել է, որ Մոսուլի ազատագրման գործողության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մաքրելու համար կպահանջվի առավելագույնը 3 ամիս, գրում է ria.ru-ն:
«Մեզ հաջողվեց արագ գրավել քաղաքի մատույցները, սակայն հայտնի չէ, թե որքան ուժեղ կկարողանա ԻՊ-ն ինքնապաշտպանվել հենց քաղաքի ներսում: Մենք տեսնում ենք, որ նրանք հարյուրավոր մահապարտներ ունեն, և չի բացառվում, որ այնտեղ լինեն պայթուցիկի արտադրությամբ զբաղվող գործարաններ: Քաղաքի գրոհի ժամանակ դա մեծ վտանգ կստեղծի: Եթե ամեն ինչ ապագայում էլ հաջող ընթացք ունենա, ապա կարծում եմ, որ քաղաքը կկարողանան ազատագրել ամենաուշը 3 ամսից»,-ասել է Բարզանին Bild-ին տված հարցազրույցում:
Նա նաև մանրամասնել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) չեն մասնակցի բուն քաղաքի գրոհին:
«Ավելի լավ կլինի, եթե քաղաք մտնի իրաքյան բանակն ու, այդպիսով, հնարավոր լինի խուսափել բնակչության շրջանում արաբների և քրդերի միջև բախումներից: Բայց եթե մեզ խնդրեն ու դրա վերաբերյալ ձեռք բերվի նոր համաձայնագիր, մենք, իհարկե, կօգնենք. մենք դրան պատրաստ ենք»,-ասել Բարզանին:
Առաջնորդի խոսքով՝ ներկայում Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվում է 1.8 մլն փախստական, որոնց կարող է միանալ ևս 1 մլն մարդ՝ Մոսուլից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը հոկտեմբերի 17-ից լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:
Մինչդեռ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:










