«Հայկական վերածնունդից» պնդում են, որ «Հայկանդուխտ» կուսակցությունը չի միացել իրենց, վերջինիս նախագահը հերքում է

21:19 • 31.10.16

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանը Tert.am-ին ուղարկած պատասխանով անդրադարձել է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ  Արմենուհի Ղազարյանի հայտարարությանը, թե եթե «Հայկական վերածնունդին» միացած կուսակցությունների ղեկավարների անունները չլինեն ՀՎԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, դա կարող է կուսակցության ներսում բողոքի առիթ դառնալ:

Անահիտ Եղոյանը մեզ ուղարկած պատասխանում նշել է. «Կուսակցությունների վերակազմավորման գործընթացը ես եմ կոորդինացրել և Ձեզ վստահեցնում եմ, որ «Հայկանդուխտ» կուսակցությունը վերակազմակերպման  գործընթաց չի անցել և չի միացել «Հայկական վերածնունդին», քանզի այդ նույն ժամանակահատվածում «Հայկանդուխտ» կուսակցությունը օրենքի պահանջով գտնվում էր լուծարման տակ և օրենքով հնարավոր չէր վերակազմակերպվել, հետևաբար նաև Արմենուհի Ղազարյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ չէ, իսկ այդ կուսակցությունից ՀՎԿ-ին միանալու դիմում են ներկայացրել ընդամենը մի քանի մարդ»:

Այնուհետև Եղոյանը հավելել է. «Ես ինքս հանդիսանում եմ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահը ու պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ ոք իրավունք չունի իմ և իմ կուսակցության անունից նմանատիպ հայտարարություններ անել ու վստահեցնում եմ, որ «Հայկական վերածննդում»՝ նախընտրական ցուցակների հետ կապված  ու մամուլում շահարկվող նմանատիպ ոչ մի խոսակցություններ չկան, նույնիսկ ցուցակների քննարկման գործընթաց  չկա, իսկ ցուցակներում տեղ գտնելու հնարավորությունը, կարծում եմ, ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես էլ «Հայկական վերածննդում», պայմանավորված է յուրաքանչյուրի աշխատանքից, իր վրա վերցված քաղաքական և կուսակցական պատասխանատվությունից, ինչի մասին ՀՎԿ կառավարման խորհրդում բազմիցս խոսվել է։ Ուստի, կարծում եմ, դեռ վաղ է նման թեմաներ արծարծել՝ առավել ևս խոսել ինչ որ խոստումներից»:

Նշենք, որ մամուլում գրվել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ բողոք է հասունանում, քանի որ երբ ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», Արթուր Բաղդասարյանը միավորված կուսակցություններին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում, իսկ երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակներ, Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտնել անցողիկ տեղերում, ինչն էլ զայրույթ է առաջացրել և միավորված կուսակցությունները քննարկում են արտահերթ համագումար հրավիրելու և «Հայկական վերածնունդի» նոր նախագահ ընտրելու հարցը։

«Հայկական վերածնունդին» միացած «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը «Հայկական վերածնունդի» կառավարման խորհրդի անդամ է, ավելին՝ մասնակցել է բոլոր նիստերին, հիմնադիր համագումարում ելույթ է ունեցել որպես հիմնադիր ու դրա տեսագրությունները մամուլում կան:

«Ես «Հայկական վերածնունդի» կառավարման խորհրդի անդամ եմ, այո, ինչպես նաև մյուս կուսակցությունների նախագահները: Մասնակցել եմ կառավարման խորհրդի բոլոր նիստերին:  Ամեն անգամ շաբաթ օրերը կառավարման խորհրդի նիստեր էր անցկացվում:  Նկարահանված տեսագրություններ կան, թերթեր կան, կառավարման խորհրդի նիստերին իմ մասնակցության մասին: Հետո ասում են, իբր ես կուսակցության անդամ չեմ գրանցվել: Չէ՞ որ համաձայնություն ենք ստորագրել, պայմանագիր ենք ստորագրել, որ անդամ ենք»,-հայտարարեց Ղազարյանը՝ շարունակելով. «Ես կուսակցությանն անդամագրվել եմ, հիմա պարզվում է, որ իմ կուսակցությանը չեն գրանցել իրենք որպես հիմնադիր: Թե որն է միտումը, պարզաբանումների փուլում ենք: Էնտեղ ուրիշ խաղեր են տալիս, ես իրենց կխանգարեի, քանի որ Ամենուհի Ղազարյանը սիրում ա մաքրություն, օրենքը հարգող մարդ է: Խնդրում եմ, թող Անահիտ Եղոյանը ներկայացնի իրենց շեշտած 12 կուսակցությունների անունները՝ իր տվյալներով»:

Անահիտ Ղազարյանը «Հայկական վերածնունդի» ղեկավարությանը մեղադրում է «ՕԵԿ-ի կեղտը իրենց միջոցով մաքրելու ու իրենցից հրաժարվելու մեջ»:

«Սա նշանակում է՝ նույն թայֆայությունը շարունակվում է: Տարիներ շարունակ ՕԵԿ-ը թայֆայություն է արել, հիմա Անահիտ Եղոյանը իրենց ձեռնտու է, ամեն դեպքում պետությանը, քաղաքական գործչին հարիր քայլեր չեմ տեսնում ես էդտեղ: Տպավորությունն այն է, որ էն կուսակցությունները, որոնք կեղտը մաքրեցին իրենց վրայից, էդտեղ էլ նշանակություն չունեն: ՕԵԿ-ն ուզում էր սրբել խարանը իր վրայից, փորձեց կուսակցությունների միջոցով դա անել: Հիմնադիր համագումարում ես ելույթ եմ ունեցել որպես հիմնադիր, թող էդ ժամանակ բերանիս գային, ասեին՝ դու չկաս, հիմնադիր չես, ինչ ես ասում»,-ասաց «Հայկանդուխտի» նախագահը: 

Հարցին, թե հնարավո՞ր է դատարան դիմի, վերջինս ասաց, թե կխորհրդակցի ու «իրավական լուրջ մոտեցում» կցուցաբերի կատարվածին. «Որովհետև ես ինքս ինձ ու իմ կուսակցությունը հարգում եմ և թույլ չեմ տա ոչ մեկ իմ և կուսակցության անունը վարկաբեկի»: