Հրապարակվել է հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բելավիա»-ի օդաչուի և դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստը

13:13 • 01.11.16

«Беларусь сегодня» («Բելառուսն այսօր») պորտալը հրապարակել է հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուի և ուկրաինացի դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստը, գրում է lenta.ru-ն:


Տեքստի համաձայն, երբ հոկտեմբերի 21-ին ինքնաթիռը դուրս է եկել Կիևի Ժուլյանի օդանավակայանից, դիսպետչերը հայտնել է անձնակազմի հրամանատարին, որ ինքնաթիռը պետք է վերադառնա:


«Չկատարման դեպքում օդ կբարձրացվի ռազմական ավիացիա»,- հավելել է նա: Օդաչուն հետաքրքրվել է, թե ինչ է տեղի ունեցել: Դիսպետչերը պատասխանել է. «Չեմ կարող հաղորդել: Ժամանման ժամանակ ամեն ինչ կիմանաք»:


Ինչպես նշում է պորտալը, այնուհետև վերծանված տեքստում բերվում են օդանավի ներսում անձնակազմի խոսակցությունները, օդաչուները մտահոգված են և ենթադրություններ են հայտնում արտակարգ դեպքի պատճառների վերաբերյալ:


Այնուհետև դիսպետչերն ասել է. «Բելավիա-840, խոսում է թռիչքների ղեկավարը: «Ժուլյանի» օդանավակայան ձեր վերադարձի մասին տեղեկությունը ստացվել է ռազմական ղեկավարությունից: Ձեզ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդվի վայրէջքից հետո»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել:


Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։  Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։


by24.org-ը հայտնել էր, որ ՀՀ քաղաքացու ազգանունը Մարտիրոսյան է։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան հետախուզման մեջ գտնվող հանցագործի տեղ էին դրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն էին խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։