Դասադուլ, հանրահավաք և քայլերթ Աղձք գյուղում. աշակերտներն ու ծնողները պահանջում են հետ բերել նախկին տնօրենին
Աղձք գյուղում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է. գյուղի միջնակարգի դպրոցի մոտ հավաքվել են դպրոցի աշակերտները, ծնողները (շուրջ 100 հոգի), և պահանջում են դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնել օրերս աշխատանքից ազատված տնօրեն Հարություն Սուքիասյանին: «Մեր տնօրենը Սուքիասյանն է», « Պահանջում ենք արդարություն» , «Նորի դեմ ոչինչ չունենք, բայց հնին ենք ուզում» , «Սոնա հեռացիր» (վերջինս նորանշանակ տնօրենն է) և այլ բովանդակությամբ պաստառներով բնակիչները շարժվեցին դեպի գյուղապետարան, ապա` նորից դպրոցի բակ:
Tert.am –ի հետ զրույցում ծնողներից տիկին Անահիտը տեղեկացրեց, որ հին տնօրենը մարզպետարանի անհիմն որոշմամբ ազատվել է աշխատանքից, և փոխարենը նշանակվել է դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հարազատ գյուղից` Փարպիից, ոմն Սոնա Մուրադյան , որը չունի անգամ տնօրենի հավաստագիր, ինչը պարտադիր է:
«Գյողալյանի գյուղից է, երևի քավոր –սանիկ հարաբերությունների մեջ են, բայց սա մեզ չի հետաքրքրում, քանի որ մեր տնօրեն պարոն Սուքիասյանը վայելում է ողջ գյուղի բնակչության սերն ու հարգանքը»,-ասաց Աղձք գյուղի բնակչուհին ու հավելեց. «Գյուղում ոչ մի դաս չի լինելու, կաթվածահար ենք անելու դասապրոցեսն այնքան ժամանակ, մինչև նոր տնօրենը չհեռանա և չվերադառնա մեր տնօրեն պարոն Սուքիասյանը»:
Նա նաև հետևյալ հարցադրումն արեց. «Ո՞վ է մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որ հեռացնում է աշխատանքից մի մարդու, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել է լավագույն տնօրենի կոչում»:
Ըստ տիկին Անահիտի` դպրոցի բակում անցկացված հանրահավաքի ընթացքում հնչեցված պահանջներին նոր տնօրենը որևէ կերպ չի արձագանքել և մեն-մենակ փակված է մնացել ուսուցչանոցում:










