ԱՄՆ-ում ավելի քան 46 մլն մարդ մասնակցել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը

08:49 • 08.11.16

Այս տարի ռեկորդային թվով ամերիկացիներ են մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը, ինչի մասին հայտնում է Associated Press-ը՝ նկատելով, որ այս տարվա ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2012թ. նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության ժամանակ գրանցված ցուցանիշին:


Գործակալության տվյալներով՝ արդեն վաղաժամ ընտրություններին քվեարկել է 46.27 մլն մարդ, որոնց թվում իրենց ակտիվությամբ առանձնանում են հատկապես դեմոկրատ Հիլարի Քլինթոնին աջակցող լատինամերիկացիները:


Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ ՄքԴոնալդի խոսքով՝ ամերիկացիների հետաքրքրությունը վաղաժամ ընտրությունների հանդեպ աննախադեպ բարձր է ելել 28 նահանգում: Ոլորտի փորձագետների կանխատեսմամբ՝ վաղաժամ ընտրությունների մասնակիցների թիվը կարող է գերազանցել 50 մլն-ը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողներին տեղեկացրել է, որ ինքը ժամկետից վաղ քվեարկել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:


«Ես արդեն քվեարկել եմ, ու քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին»,- ասել է Օբաման Միչիգան նահանգում ունեցած ելույթի ժամանակ:


Օբաման նշել է, որ քվեարկել է Քլինթոնի օգտին, քանի որ «կարող է երկրի ապագան վստահել նրան»:


«Դուք պետք է նույնն անեք: Եթե հաղթի Հիլարի Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփը, մեր բոլոր ձեռքբերումներն անիմաստ կդառնան»,- ավելացրել է նա:


Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում մեկնարկելու են նախագահական ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

ԱՄՆ-ում ավելի քան 46 մլն մարդ մասնակցել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը