Բարձրակրունկներով կապիկ. Միշել Օբամայի հասցեին արված վիրավորական գրառումն ԱՄՆ-ում քննադատության բուռն ալիք է բարձրացրել
ԱՄՆ-ում հասունացել է ռասայական խտրականության թեմայով հերթական սկանդալը, որում շոշափվում է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի անունը:
Ինչպես հայտնում է The Washinghton Post պարբերականը, Վիրջինիա նահանգի Քլեյ քաղաքի ոչ առևտրային կազմակերպություններից մեկի ղեկավար Փամելա Ռեմզի Թեյլորն ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո սկանդալային գրառում է արել Facebook սոցկայքում՝ վիրավորելով առաջին տիկին Միշել Օբամային:
«Այնքան զիլ կլինի Սպիտակ տանն ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ծանրաբարո առաջին տիկին: Ես արդեն հոգնել եմ բարձրակրունկներ կրող այդ կապիկին տեսնելուց»,- գրել է Թեյլորը՝ նկատի ունենալով Միշել Օբամային:
Իրավիճակը թեժացրել է այն փաստը, որ գրառման տակ մեկնաբանություն է թողել Քլեյի քաղաքապետ Բևեռլի Ուելինգը՝ ցույց տալով, որ համաձայն է ասվածի հետ:
Այս գրառումից հետո համացանցի օգտատերերը քննադատական մեկնաբանություններով հեղեղել են պաշտոնյայի էջը՝ նրան մեղադրելով ռասայական խտրականություն դրսևորելու համար:
Նշվում է, որ ավելի ուշ Ուելինգը ստիպված է եղել ներողություն խնդրել:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20-ին, ինչից հետո նրա կինը պաշտոնապես կդառնա Միացյալ Նահանգների առաջին տիկին:










