Արշակ Սադոյանի որդին ու Ռաֆայել Կարագյոզյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Սասնա ծռերի» գործի շրջանակներում զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Սադոյանի (Արշակ Սադոյանի որդին է) և Ռաֆայել Կարագյոզյանի գործը: Ամբաստանյալներն այսօր ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալների պաշտպան Վարդան Զուռնաչյանը.«Դատական նիստին Ռաֆայել Կարագյոզյանն ու Արեգ Սադոյանն ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները և խնդրեցին արագացված դատավարություն անցկացնել»:
Հարցին, թե դա կդիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք, Վարդան Զուռնաչյանն ասաց, որ նրանց համար մեղմացուցիչ հանգամանք նախատեսվում է:
Նշենք, որ Ռաֆայել Կարագոզյանին և Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:










