Կրեմլում բացատրություն են ակնկալում Ասադին տապալելու Էրդողանի հայտարարության առնչությամբ

15:47 • 30.11.16

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը չեն համընկնում Սիրիայում իրավիճակի կարգավորման առնչությամբ Մոսկվայի դիրքորոշման հետ։ Կրեմլում հուսով են, որ Անկարան բացատրություններ կտրամադրի այդ առնչությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Էրդողանի հայտարարությունն իսկապես նորություն էր: Դա շատ լուրջ հայտարարություն է: Հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդ հայտարարություններին, և հայտարարություն, որը հակասում է իրավիճակի մեր ընկալմանը՝ որպես պետության, որի զինված ուժերը միակն են, որ օրինական կերպով գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում՝ համաձայն իշխանությունների դիմումի, դա շատ կարևոր է հիշել»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունների մասին հարցը:


Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել ռուս-թուրքական հարաբերությունների վրա Էրդողանի խոսքերի հնարավոր ազդեցության մասին:


«Այդ հայտարարությունը նորություն է: Այդ պատճառով եզրակացություններ անելուց առաջ մենք այդ դիրքորոշման պարզաբանման հույս ունենք»,- հավելել է Պեսկովը:


Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել է, որ սիրիական հարցում Մոսկվան ելնում է Թուրքիայի հետ ունեցած պայմանավորվածություններից:


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով:


«Սիրիայում մահերը շարունակվում են, ՄԱԿ-ն ի՞նչ է անում: Իրաքում կա՞, նորից չկա: Մենք ասացինք` համբերություն, համբերություն, համբերություն... Եվ, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` «Սիրիական ազատ բանակի» օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչնչի», - հայտարարել էր Էրդողանը: