Ասադի իշխանությունը տապալելու մասին Էրդողանի հայտարարությունից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ քննարկման հիմնական թեման եղել է Հալեպում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել է մանրամասներ հայտնել հեռախոսազրույցի վերաբերյալ և բավարարվել է՝ նշելով, որ նախագահների միջև տեղի է ունեցել «կարծիքների լայն փոխանակում»:
Նշենք, որ նոյեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ սիրիական բանակն ազատագրել է Հալեպի արևելյան 11 շրջանները:
Հիշեցնենք, որ նույն օրն Էրդողանը հայտարարեց, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով, որին ՌԴ-ն համարում է իր դաշնակիցը:
«Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչնչի», - ասել էր Էրդողանն իր հայտարարության մեջ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։










