Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի «Կատաղած շուն» մականունով գեներալին

09:34 • 02.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը շարունակում է ձևավորել իր թիմը, Օհայո նահանգում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է՝ ում է մտադիր նշանակել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում:


Ինչպես նշում է CBS News-ը, երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Ծովային հետևազորի կորպուսի նախկին գեներալ 66-ամյա Ջեյմս Մեթիսը:


«Մենք պատրաստվում ենք «Կատաղած շանը»՝ Մեթիսին, նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում»,-հայտնել է Թրամփը՝ զինվորականին բնութագրելով որպես «երբևէ ունեցած մեծագույն գեներալներից մեկը»:


Բացի այդ, 70-ամյա հանրապետականն ասել է, որ Պենտագոնի նոր ղեկավարի նշանակման հարցում ցանկանում էր մինչև վերջ պահել ինտրիգը:


Նշվում է, որ Մեթիսի նշանակման մասին Թրամփը մտադիր է հայտարարել դեկտեմբերի 5-ին:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: