Հայաստանն առայժմ չի համապատասխանում «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի պահանջներին․ պարզաբանում
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու իրավասություն ձեռք բերելու համար երկիրը պետք է անցնի առաջին միավորային ցուցիչը (scorecard). Tert.am-ի հարցմանը, թե արդյոք Հայաստանը կարող է մասնակցել ծրագրի երկրորդ փուլին, պատասխանեց կորպորացիայի մամուլի քարտուղար Լաուրա Ալենը:
Նա մանրամասնեց․ «Միավորային ցուցիչները կազմված են եռամաս հաստատությունների 20 ցուցիչներից, որոնք չափում են երկրի պատասխանատվությունը արդարադատության կառավարման, մարդկանց համար ներդրումների և տնտեսական անկախության ոլորտներում: Միավորային ցուցիչն անցնելու պահանջներից մեկն այն է, որ երկիրը պետք է իր հաշիվն ավելին դարձնի, քան իր մրցակիցների կեսը՝ «Կոռուպցիայի ղեկավարման» ցուցանիշների համաձայն, որը գալիս է Համաշխարհային բանկից»:
Լաուրա Ալենի խոսքով՝ Հայաստանն առայժմ չի համապատասխանում այդ պահանջներին: «Հայաստանը ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասաց նա: Պաշտոնյան նշեց, որ Հայաստանի արդյունքներին կարելի է հետևել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի պաշտոնական կայքում:
«Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, Լաուրա Ալենը չպատասխանեց, նշեց, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ կրկին պատրաստվում է դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլին։ Հայաստանի մասնակցության հարցն հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին դադարեցվեց 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո:










