ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանում հայհոյել ու հարվածել է լրագրողին (լուսանկարներ)

15:49 • 07.12.16

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել է hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին:  

Tert.am-ի հետ զրույցում Վահե Մակարյանն ասաց, որ Ռուբիկ Հակոբյանը խփել է իր աչքին ու հայհոյել է այն բանից հետո, երբ հարց է հնչել Դաշնակցության գաղափարական գծի մասին. «Ես հարց տվեցի Ռուբիկ Հակոբյանին Դաշնակցության գաղափարական գծի մասին, ինչը Հակոբյանին դուր չեկավ. ինձ սկսեց քաղաքակրթության դասեր տալ։ Ասացի, որ դասեր չտա, ինչից հետո Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ արի տեսնենք՝ ով է ում դաս տալիս»:

Լրագրողը նշեց, որ գործընկերները թույլ չեն տվել, որ ինքը միայնակ գնա Ռուբիկ Հակոբյանի հետ, ինչին ի պատասխան պատգամավորն ասել է, որ պարզապես ուզում է խոսել Վահե Մակարյանի հետ:

«Ես գնացի, դե ասացի՝ մարդ է, ցանկանում է խոսել: Մտածեցի՝ գնամ ու բացատրեմ, թե ինչ եմ ուզեցել ասել: Նա վիրավորական առոգանությամբ սկսեց խոսել, հայհոյեց ու անակնկալ հարվածեց աչքիս: Ես ոչինչ չկարողացա անել, որովհետև չէի սպասում»:

Խնդրի առնչությամբ Ռուբիկ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:



Լուսանկարները՝ Hraparak.am–ի