Հալեպը շուտով կվերականգնվի, և կյանքն այնտեղ կաշխուժանա. հալեպահայ սյունակագիր (լուսանկարներ)
Նյույորքաբնակ հալեպահայ սյունակագիր Մարի Մերդխանյանը Հալեպի՝ օր օրի մոտեցող հաղթանակի սպասումներով նոր հոդված է հրապարակել «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումները հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից: Նախօրեի դրությամբ սիրիական բանակն իր վերահսկողությունն է սահմանել Հալեպի արևելյան հատվածի 80 տոկոսի նկատմամբ: Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է կարճ ժամանակահատվածում ամբողջ Հալեպի վերջնական ազատագրման մտադրության մասին:
Հալեպահայ սյունակագիրն օրն անվանել է պատմական և հույս հայտնել, որ այն կարող է Հալեպ քաղաքի վերածննդի նոր մեկնարկ դառնալ:
Մարի Մերդխանյանի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Արդեն որերորդ օրն է՝ հետևում ենք սիրիական բանակի և իր դաշնակիցների արագ առաջխաղացմանը, որի արդյունքում Հալեպը գրեթե ամբողջությամբ ազատագրվեց և պատրաստվում է շուտով «ապահով քաղաք» դառնալ:
Ազատագրված և արդեն ապահով շրջաններից հասնող լուսանկարները փոխանցում են մեզ ավերածությունների պատկերի միայն մի մասը: Փլված ամեն մի շենք քանի՞ ընտանիքի ողբերգության մասին է պատմում…Ընտանիքներ, որոնք Աստված գիտի այսօր ինչ ճակատագրով են ապրում:
Այդ լուսանկարներին զուգահեռ՝ լուսավոր պատկերներ էլ կան:
Ուշադրություն դարձրի՞ք, թե ազատագրված և ապահով շրջանները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն ինչ արագությամբ են ընթանում: Այս բոլորը հույս են ներշնչում և հաստատում, որ այս շրջաններն այլևս սակարկման ենթակա չեն:
Ես լավատես եմ:
Հավատում եմ, որ Հալեպը շուտով կվերականգնվի և կաշխուժանա, քանի որ՝
1. Ժողովուրդը՝ հալեպցին, աշխատասեր է: Ճակատի քրտինքով ոտքի կանգնելու համար ամեն ջանք գործադրում է: Լուրերին հետևող հրապարակումների մեկնաբանությունները վկայում են, որ այս քաղաքից հեռացածների մի մասը պետք է վերադառնա և շարունակի ապրել այնտեղ: Անշուշտ՝ խոսքս հայերի մասին չէ, Հալեպը շուրջ 4 մլն բնակիչ ուներ...
2. Սիրիան ունի տնտեսությունը հզորացնելու փորձ: 1980-ականներին, երբ երկիրը ենթարկվեց Արևմտյան շրջափակման, խիստ պայմաններում կարողացավ պայքարել դրսից գաղտնի և անօրինական միջոցներով ապրանք ներկրելու փորձերի դեմ և արդեն հաջորդ տասնամյակում կարողացավ տեղական արտադրության և նույնիսկ արտահանման մեծ շուկա ստեղծել: Երանի Հայաստանն էլ կարողանա այս խիզախ քայլին դիմել: Հալեպի գործարանները թալանող և Թուրքիա փոխադրողները գիտեին, թե ինչ են անում…
3. Իշխանությունը, հակառակ իր բազմաթիվ թերությունների, սրանից առաջ կարողացել էր արտադրության և աշխատանքի հարմար պայմաններ ստեղծել: Թեև պատերազմն էլ ավելի շատ թերություններ ծնեց, բայց նույնիսկ այս պայմաններում պետությունը կարող է նույնն անել»: 


















