Սարգսյան-Փենս հեռախոսազանգը կարևոր հաղթանակ է հայերի համար.Մայք Սարյան

12:21 • 08.12.16

Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքն անձամբ զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրեբիուսի հետ և խնդրել, որ նա կազմակերպի հեռախոսազրույց Թրամփի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև:

«Նախագահ Թրամփը դիմել է փոխնախագահ Մայք Փենսին, որ նա զանգի և խոսի նախագահ Սարգսյանի հետ, ինչը մեծ և կարևոր հաղթանակ է հայերի համար: Ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Փենսը չեն զանգել այլ երկիր, բացի Հայաստանից: Ես, որպես ամերիկահայ, հպարտ եմ, որ կազմակերպել եմ դա»,- ասաց Մայքլ Սարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը դեկտեմբերի 1-ին զանգահարել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով նորընտիր նախագահ Թրամփին ավելի վաղ ուղղված նրա շնորհավորական նամակի համար:

Ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի՝ Փենսը և Սարգսյանն ընդգծել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:

«Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին»,- նշված է հաղորդագրությունում:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարություն Սասունյանն էլ իր վերջին վերլուծականում անդրադարձել է այս հեռախոսազրույցին և նշել դրա կարևորության մասին․ «Ուրախ եմ հայտնելու, որ վերջերս նման հաջող կապ ստեղծվեց գլխավորաբար Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանի համատեղ ջանքերով, որ սերտ կապեր ունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- նշել էր Հարություն Սասունյանը:

Խմբագիրը ուշադրություն էր հրավիրել նաև այն փաստի վրա, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից համապատասխանաբար նոյեմբերի 9-ին և 17-ին կատարված նորընտիր նախագահ Թրամփին հեռախոսազանգերի՝ նորընտիր փոխնախագահ Փենսի հեռախոսազանգը Սարգսյանին քաղաքականապես ավելի արժեքավոր է:

Tert.am-ի հետ զրույցում Սասունյանի խոսքով՝ ԱՄՆ Հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող Մայք Սարյանը նշեց, որ ԱՄՆ և Հայաստան հարաբերությունները պետք է շատ լավ լինեն. «Շնորհիվ ամերիկահայ համայնքի, մեր թիվը ԱՄՆ-ում միլիոնից ավելի է»,-ասաց նա: