Ավագանու նիստի բոյկոտը ուժի մեջ է. մենք չենք թողնի, որ Մամիկոնն իր աթոռը պահի մարդկանց դժբախտության հաշվին. Է. Մարուքյան

10:56 • 13.12.16

 

Վանաձորի ավագանու այսօր նշանակված նիստին ևս «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի, քանի որ «համաձայն չեն, որ մարդկանց դժբախտության` հրդեհի հաշվին Մամիկոն Ասլանյանն աթոռը պահը»: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօ՞ր էլ բացառություն չեն անի:

«Ավագանու նիստի գնանք ի՞նչ անենք: Իրենք ուզում են աջակցել մարդկանց՝ բյուջեից գումար տրամադրելով, մենք էլ ասում ենք՝ թող մարդկանց դժբախտության թիկունքում չթաքնվեն ու նման նախաձեռնություններով փորձեն աթոռ պահել: Այնպես որ, բոյկոտն ուժի մեջ է և սպասում ենք հրաժարականի դիմումի: Կամ էլ թող էնքան ձգեն, մինչև ավագանին կլուծարվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր նշանակված է Վանաձորի ավագանու նիստ, որի օրակարգում Վանաձորում օրերս հրդեհված ու կացարանից զրկված 5 ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու հարցն է:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ պատրաստ են բնակիչներին իրենց միջոցներից՝ ոչ քաղաքի բյուջեի, հենց այս չափով օգնություն տրամադրել:

Հիշեցնենք, որ երեկ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետություն» կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական դաշինքով հանդես գալու ու մեկ կուսակցություն դառնալու մասին քաղաքական հուշագիր ստորագրեցին և առաջարկեցին մյուս ընդդիմադիրներին իրենց միանալ:

Հարցին, թե միանալու առաջարկներ ստացե՞լ են, Մարուքյանը պատասխանեց, որ դժվար էր ակնկալել մի քանի ժամվա մեջ նման առաջարկներ:  

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ընդդիմադիրների շրջանում խանդ չի՞ առաջացրել իրենց միավորումը, որը նոր իրավիճակ է ստեղծել քաղաքական դաշտում, վերջինս նշեց. «Ես տեղյակ չեմ` ո՞վ ա խանդում, ո՞ւմ ա խանդում: Ու խանդը, առհասարակ, քաղաքական կատեգորիա չէ»: