Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկվի ՌԴ Դաշնային խորհրդում

12:00 • 14.12.16

 

ՌԴ Դաշնային խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը:

Նրա թեկնածությունն առաջարկել էր ՌԴ նախագահը, և ինչպես սպասվում է, Դաշնային խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել է Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ներկայացված թեկնածությունը լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին:

Սահակ Կարապետյանը ներկայում ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետն է:

Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնաթող եղավ Ալեքսանդր Զվյագինցևը:

Ենթադրվում է, որ Կարապետյանը գլխավոր դատախազությունում կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: