Մոսկվայում ԻՊ-ի ծրագրած ահաբեկչությունների շարք է կանխվել. առգրավվել է զենք և պայթուցիկ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսկվայի տարածքում ծրագրված ահաբեկչությունների շարքը, ինչի մասին հայտնում է ria.ru-ն:
Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբում ներգրավված են եղել Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ, որոնք ծրագրել էին մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:
ԱԴԾ-ի ունեցած տվյալների համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԻՊ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվայում ձերբակալվել է խմբի 4 անդամ, որոնց տների խուզարկության ժամանակ առգրավվել են կիրառման համար արդեն պատրաստ ինքնաշեն պայթուցիկ նյութեր, զենք, ինչպես նաև մեծ հզորությամբ պայթուցիկ նյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ:










