Պավլիկ Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումը դադարեցրել են

19:16 • 15.12.16
Պավլիկ Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումը դադարեցրել են

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի երկրորդ կարգի հաշմանդամության նպաստի վճարումը դադարեցրել են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը:

«Մենք քրեակատարողական հիմնարկից տեղեկանք էինք ուղարկել Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նպաստ է ստանում Պավլիկ Մանուկյանը: Տեղեկացրել ենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է ՔԿՀ-ում, կալանքի տակ է և չի կարող ներկայանալ նպաստը ստանալու: Արցախից հայտնել են, որ Պավլիկ Մանուկյանը պետք է ներկայանա, և ստորագրի, որպեսզի տեղեկանան, որ դա նույն անձն է, և նպաստը վճարեն»:

Ավելին, Բաղդասարյանը հայտնեց, որ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից հայտնել են, որ Արցախի հանրապետությունից կարող են գումարը փոխանցել Պավլիկ Մանուկյանի հաշվեհամարին, սակայն Արցախից մերժում են ստացել:

Պաշտպանի խոսքով՝ Պավլիկ Մանուկյանի ընտանիքը, որն ապրում էր Պավլիկ Մանուկյանի թոշակի հաշվին, այսօր ապրելու այլ միջոց չունի:

Հարցին, թե որքան է կազմում նպաստը, Հարություն Բաղդասարյանը պատասխանեց, որ գումարը կազմում է մոտավորապես 100 հազ. դրամ, որը հատկացնում է ԼՂՀ ՊԲ-ն և տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը մասնակցել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով՝ շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը, 185-րդ հոդվածը՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: