Հալեպից գրոհայինների դուրսբերման գործընթացը դադարեցվել է՝ կրակահերթերի պատճառով, զինյալները փորձել են պատանդներ վերցնել
Հալեպի արևելյան շրջաններից զինյալների դուրսբերման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, երբ գրոհայինները, խախտելով պայմանավորվածությունը, փորձել են գերի վերցնել մարդկանց, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքին:
Հայտնի է, որ ահաբեկչական խմբավորումները կրակ են բացել Ռամուսե թաղամասի ելքի ուղղությամբ, երբ ավտոբուսների շարասյունն արդեն պատրաստ էր շարժվել: Միևնույն ժամանակ, գրոհայինները կրակ են բացել Ֆուա և Քեֆրայա քաղաքների ուղղությամբ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, իր հերթին, փոխանցել է, որ գրոհայինները կրակ են բացել ավտոբուսների ուղղությամբ և փորձել իրենց հետ տանել ծանր սպառազինություն և գերիներ։ Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ ահաբեկիչները նախօրեին պայթեցրել էին Հալեպում գտնվող իրենց ռազմական պահեստները՝ զգուշանալով, որ կարող է հայտնաբերվել իրենց հովանավորող ուժերի հետքը:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին սիրիական Կարմիր Մահիկի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապօգնության մեքենաներով դուրս են բերվել Հալեպի տարածքից:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հալեպի արևելյան շրջաններից դուրս է բերվել շուրջ 6.000 մարդ, որոնցից 3.000-ը զինյալ գրոհայիններ են:










