Սև ծովի հատակին հայտնաբերվել են Տու-154-ի բեկորները. Պեսկովն ահաբեկչության վարկածը քիչ հավանական է համարել
Ջրասուզակները Սև ծովի հատակին հայտնաբերել են երեկ կործանված Տու-154 ռազմական օդանավի ենթադրյալ բեկորները, ինչի մասին հայտնում է meduza.io-ն՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցին հղումով:
Հայտնի է, որ բեկորների մի մասն արդեն ցամաք է հանվել: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ դրանք գտնվել են 25 մ խորության վրա ու ցրված են եղել 400 մ մակերեսով տարածության վրա:
Մինչդեռ «Интерфакс»-ը հաղորդում է, որ ափից 1.5 կմ հեռավորության վրա սարքավորումները ֆիքսել են օբյեկտ, որը նման է ինքնաթիռի ֆյուզելյաժին: Հայտնի է, որ տվյալ օբյեկտը գտնվում է մեծ խորության վրա: Ինչ վերաբերում է օդանավի «սև արկղերին», ապա դրանք դեռևս չեն հայտնաբերվել:
Հայտնի է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Տու-154-ի ողբերգական կործանումը, ասել է, որ ահաբեկչության վարկածը քիչ հավանական է համարվում ու զարգացում չի ստանում:
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ դեռ վաղ է հստակ խոսել վարկածներից որևէ մեկի մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավիաաղետի հիմնական վարկածներից են համարվում օդաչուների թույլ տված սխալը կամ տեխնիկական խոտանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ:
Հիշեցնենք, որ կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:
Հայտնի է նաև, որ Մոսկվա է ժամանել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխել է Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները:
Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մասնագետները կանցկացնեն փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար:
Հավելենք, որ Սոչիում մարդիկ շարունակում են ծաղիկներ ու պսակներ բերել այն ափի մոտ, որից քիչ հեռու կործանվել էր օդանավը։










