Հրապարակվել է զենք արտահանող խոշորագույն երկրների ցանկը

11:07 • 27.12.16

Միացյալ Նահանգները 2015 թվականի ընթացքում ռազմական արտադրանք արտահանող երկրների ցանկում գտնվում է առաջին հորիզոնականում, նրան հաջորդում են Ֆրանսիան ու Ռուսաստանը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցը, որն անցած շաբաթ ներկայացվել է օրենսդիրներին:


ԱՄՆ-ն 2015 թվականին ստորագրել է մոտ 40 միլիարդ դոլարի զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր կամ զենքի միջազգային շուկայի բոլոր պայմանագրերի կեսը՝ զբաղեցնելով ցանկում առաջին տեղը: ԱՄՆ-ին հետևում է Ֆրանսիան, որը վաճառել է 15 միլիարդ դոլարի զենք:


2015 թվականին Ռուսաստանի եկամուտները կազմել են 11,1 միլիարդ դոլար: 2014 թվականին եկամուտները կազմել էին 11,2 միլիարդ դոլար: Հետազոտության համաձայն՝ ռուսական զենքերը հիմնականում վաճառվել են լատինամերիկյան երկրներին՝ մասնավորապես Վենեսուելային:


Չինաստանի եկամուտը 2015 թվականին կազմել է 6 միլիարդ դոլար:


2015 թվականին զենքի ամենամեծ գնողներն են եղել Քաթարը, որը ստորագրել է ավելի քան 17 միլիարդ դոլարի պայմանագրեր, Եգիպտոսը, որը համաձայնել է 12 միլիարդ դոլարի զենք գնել, և Սաուդյան Արաբիան, որը ձեռք է բերել ռազմական նշանակության 8 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանք:


Չնայած միջազգային լարվածությունները և ահաբեկչական սպառնալիքները չեն նվազել, սակայն ամբողջ աշխարհում զենքի վաճառքի ծավալները 9 միլիարդի անկում են գրանցել՝ 2014 թվականի 89 միլիարդից 2015 թվականին հասնելով 80 միլիարդի: