Ֆլորիդայի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել, կա 1 զոհ, 9 տուժած (տեսանյութ)

22:39 • 06.01.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել: Այդ մասին Twitter-ում հայտնել են ականատեսները, գրում է Business Insider-ը:

NBC-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ 9 մարդ վիրավորվել է, մեկ հոգի` սպանվել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ կրակողը ձերբակալվել է:

Օդանավակայանում կրակոցների ժամանակ եղել է նաև Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Արի Ֆլեյշերը, ով գրել է կրակոցների մասին Twitter-ի իր էջում:

«Ես այժմ Լոդերդեյլ օդանավակայանում եմ: Կրակոցներ են հնչել: Բոլորը վազում են»,- գրել է նա:

Ֆլեյշերը ավելի ուշ հայտնել է, որ «այժմ ամեն ինչ հանգիստ է կարծես, բայց ոստիկանությունը ոչ մեկին թույլ չի տալիս դուրս գալ օդանավակայանից, առնվազն այն տարածքում, որտեղ ես եմ»:

Օգտատերերից մեկը սոցցանցում նաև տեղադրել է ենթադրաբար օդանավակայանի տարածքում արյունահոսող տղամարդու մի լուսանկար: