Խաբարովսկում առևանգել, խեղդել և այրել են հայ գործարարի որդուն. նրա մարմինը կտեղափոխվի Հայաստան (տեսանյութ)
Խաբարովսկում առևանգել, խեղդել և այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն (լուսանկարում՝ աջից): Երիտասարդն անհետացել էր հունվարի 10-ին իր Lexus մեքենայով, գրում է gubernia.com-ը:
Ինչպես հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Խաբարովսկի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունը, հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով: Գործով անցնում են Խաբարովսկի երկու բնակիչ՝ 25 և 26 տարեկան:
Ինչպես հաջողվել է պարզել քննիչներին, Անդրեյ Մուրադյանին առևանգել է նրա ծանոթը: Վերջինս զանգահարել է զոհի բջջային հեռախոսին և խնդրել նրան վերցնել Խաբարովսկի Երկաթուղային թաղամասի ավտոտնակային կոոպերատիվից: Երիտասարդին առևանգել են հենց այդ ավտոտնակային կոոպերատիվում՝ նրա ժամանելուն պես: Հանցագործները նրան մի քանի օր պատանդ են պահել՝ նրա ազատման համար պահանջելով 20 միլիոն ռուբլի փրկագին: Ավելի ուշ, վախենալով պատժից, սպանել են նրան՝ խեղդելով պարանով:
Այնուհետ նրանք դիակը փաթաթել են պոլիէթիլենով, դուրս բերել երկաթուղային կայարան, բենզին լցրել և այրել:
Հանցագործները ձերբակալված են, այժմ նրանք ցուցմունք են տալիս: Նախկինում քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:
Ինչպես հայտնում է dvnovosti.ru-ն, գործարարի ընտանիքում արդեն դժբախտություն էր պատահել: Մի քանի տարի առաջ էլեկտրական հոսանքի հարվածից մահացել է ավագ որդին՝ Ալեքսանդրը: Այս դեպքից հետո որոշում է կայացվել արտաշիրիմել տղամարդու դիակը և երկու եղբայրների մարմինները տեղափոխել հայրենիք, որտեղ էլ նրանց ավելի ուշ կհուղարկավորեն:










