Պետք չէ ակնկալել, որ ամերիկյան որևէ բարձրաստիճան պաշտոնյա արձագանքելու է Վաշինգտոնի ինստիտուտի՝ Ցեղասպանությունը չճանաչելու կոչին. թուրքագետ

20:05 • 16.01.17

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի (WINEP) վերջերս հրապարակված «Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականության» մասին առաջարկներ պարունակող զեկույցին, որտեղ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արվել Թուրքիային «երաշխիք տալ», որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ թուրքագետի՝ ամերիկյան հետազոտական կենտրոնի զեկույցի ազդեցությունը վերլուծական բնույթի է, այն որևէ քաղաքական ուժ իրենից չի ներկայացնում, պարզապես գրված է զեկույց ամերիկյան արտաքին քաղաքականության մի ոլորտի՝ մասնավորապես թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին: «Պետք չէ ակնկալել, որ ամերիկյան որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ինչ-որ ձևով արձագանքելու է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ամերիկայի քաղաքականությանը Թուրքիայի նկատմամբ, թուրքագետն ասաց, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչպես է լինելու Թրամփի արտաքին քաղաքականությունը ընդհանրապես, քանի որ դեռ հայտնի չէ նույնիսկ թե ովքեր են զբաղեցնելու արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոններ, ինչից շատ բան է կախված: «Դատելով նախընտրական քարոզարշավի ընթացքում Ամերիկայում տիրող տրամադրություններից, ապա կարող ենք ասել, որ Թրամփը  բավական պրագմատիկ է լինելու:  Նա չի նայում որևէ դաշինքի, այդ թվում թուրք-ամերիկյան դաշինքին այնպես հստակ, ինչպես եղել է մինչ այս ամերիկյան քաղաքականության մեջ: Այսինքն` նա պատրաստ է զոհել երկրների միջև այս կամ այն քաղաքական դաշինքը, եթե դա է պահանջում ամերիկյան արտաքին քաղաքականության պրագմատիկ վերաբերմունքը»,-ասաց նա:

Վարուժան Գեղամյանը նշեց, որ պետք է հասկանալ, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի քաղաքականության միայն մի դրվագն է: «Թրամփը ի տարբերություն նախկին նախագահ Օբամայի՝ չի հայտարարել, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սա պարզապես զեկույց է և չարժե շատ ուշադրություն դարձնել զեկույցին»,-ասաց նա:

 

Պետք չէ ակնկալել, որ ամերիկյան որևէ բարձրաստիճան պաշտոնյա արձագանքելու է Վաշինգտոնի ինստիտուտի՝ Ցեղասպանությունը չճանաչելու կոչին. թուրքագետ