Samsung-ում պարզել են Galaxy Note 7-ի այրվելու պատճառը. WSJ

15:55 • 20.01.17

Հարավկորեական Samsung ընկերությունը հետաքննություն է անցկացրել և պարզել Galaxy Note 7 սմարթֆոնների բռնկվելու պատճառը: Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության զեկույցին ծանոթ աղբյուրների: Զեկույցը նախատեսվում է հրապարակել հունվարի 23-ին:


Սմարթֆոնների տաքանալու պատճառ է դարձել մարտկոցների մի մասի ոչ ստանդարտ չափսը: Մարտկոցների արտադրության ժամանակ խոտան է թույլ տրվել, նշվում է զեկույցում:


Պարզվել է, որ տաքացել են մարտկոցները, որոնք պատրաստել է Samsung ընկերության դուստր ընկերությունը: Խնդիրներ, սակայն, ունեցել են նաև այն մարտկոցները, որոնք պատրաստել է հոնկոնգյան Amperex Technology ընկերությունը:


Ընկերությունը մշակել է ստուգումների ութաստիճան համակարգ՝ կանխելու համար սմարթֆոնների հետ կապված խնդիրները:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին՝ այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Samsung-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը:


Մի շարք համաշխարհային ավիափոխադրողներ, որոնց թվում Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն, Interjet-ը և Flydubai-ը, արգելել են ինքնաթիռի սրահ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոսը: Սարքերն ինքնաթիռ ներս բերելն արգելել են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Ճապոնիայի իշխանությունները: