Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով հանդիպումը
Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով հանդիպումը: Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակություններն առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հանդիպմանը քննարկվելու են Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման հեռանկարները:
Խորհրդակցությունների կողմերն առաջիկա մի քանի ժամը կանցկացնեն կլոր սեղանի շուրջ, որը պետք է միավորի բանակցողների դիրքորոշումները, այլ ոչ թե հակադրի դրանք, գրում է կայքը:
Հանդիպման կազմակերպիչները մտադրված հրաժարվել են պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության համար ցուցանակներից՝ նրանց պարզապես անվանելով «Սիրիական Արաբական Հանրապետություն»:
Բակացություններին մասնակցում են Ղազախստանը, Իրանը, Սիրիայի կառավարության պատվիրակությունը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը, Թուրքիան, Ռուսաստանը:
Նշվում է, որ Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները նստած են Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, իսկ ընդդիմության պատվիրակությունը՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի: Թուրքիայի կողքին տեղ է զբաղեցրել Ռուսաստանի պատվիրակությունը:
Մամուլի համար բաց է եղել միայն բանակցությունների սկիզբը, որի ընթացքում հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձով է հանդես եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ելույթ է ունեցել նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարը:










