Ընտրությունների ուշացումը պատրիարքարանի բացթողումն է. Էրդողանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հայտնում է «Ակօսը»՝ Անկարայում գտնվող նախագահական նստավայրում անցկացված հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է նաև Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը:
Էրդողանը շեշտել է, որ թուրքական իշխանությունները դեռևս 1863թ.-ին ընդունված Հայոց սահմանադրությամբ փաստացի թույլատրել են պատրիարքի անկախ ընտրությունները։ Նա նշել է, որ ներկայում ընտրությունների ուշացումը «պատրիարքարանի բացթողումն է»:
«Մենք ցանկացանք, որ ձեր սեփական կանոնները դուք ինքներդ մշակեք: Այո՛, ընտրությունների հետ կապված ուշացում կա, բայց դա ձեր կողմից բխող ուշացում է: Գարնանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն հենց ավարտվի՝ կզբաղվենք պատրիարքի ընտրությունների հարցով», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ Շիրինօղլուի քայլը դրական արձագանք չի գտել Ստամբուլի հայ համայնքի զգալի հատվածի կողմից, որոնք նշում են, որ Շիրինօղլուն հայ համայնքի անունից հայտարարություններ անելու և պատրիարքի ընտրությունների վերաբերյալ հանդիպումներ անցկացնելու հարցում իրավասու անձ չէ:
Գործընթացին հետևող փաստաբաններից Սեբու Ասլանգիլն, իր հերթին, մեկնաբանելով Շիրինօղլուի և Էրդողանի հանդիպումը՝ շեշտել է, որ պատրիարքի ընտրությունները Թուրքիայի նախագահի հետաքրքրության շրջանակներից դուրս են նաև օրենքով:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը հոկտեմբերին հայտարարել էր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել էր պատրիարքարանի պաշտոնական էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ հոկտեմբեր ամսից այս կողմ Պոլսո Հայոց պատրիարքարանն այդպես էլ չի ստացել Ստամբուլի նահանգապետարանի կողմից ընդունելության ամսաթվի վերաբերյալ պաշտոնական պատասխանը: Ակնկալվող հանդիպմանը Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված պատրիարքարանին կից հանձնաժողովը պետք է նահանգապետարանին ներկայացներ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եկեղեցական խորհրդի որոշումն ու հստակեցներ ընտրությունների անցկացման ժամկետները:
Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել այդ որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:










