«Եթե ես ապրիլի 2-5-ը չեմ մասնակցել մարտական գործողություններին, սկզբում իրենք ինչո՞ւ են դա գրել». նախկին զինվորը հնարավոր է դատի տա ԼՂՀ ՊՆ-ին
Հունվարի 17-ին զորացրված նախկին զինվոր Հայկ Գինովյանը, ով Tert.am-ի խմբագրություն էր դիմել՝ բողոքելով, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում անվավեր է համարվել և ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, հնարավոր է առաջիկայում դատի տա ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, քանի որ, ըստ նրա, ԼՂՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է հրապարկել իր ծառայության մասին:
Այս մասին այսօր Հայկն ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ ինքը խնդրի առթիվ դիմել է նաև ՀՀ ՊՆ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:
Նշենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունն անդրադարձել է երեկ Tert.am լրատվական կայքում հրապարակված՝ «Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է» հոդվածին՝ հայտարարելով, որ «զորացրված զինծառայող Հայկ Գինովյանն իր ծառայությունն անց է կացրել այն հատվածում, որտեղ ապրիլին բացահայտ պաշտպանողական և հակահարձակողական ռազմական գործողություններ չեն ընթացել: Դրա համար էլ նրա զինգրքույկում նշված է միայն, որ նա ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ»:
Tert.am-ի հետ զրույցում նախկին զինվորը հակադարձեց. «Եթե ես չեմ մասնակցել մարտական գործողություններին, սկզբում իմ զինգրքույկում իրենք ինչո՞ւ են գրել, որ ես ապրիլի 2-5 մասնակցել եմ մարտական գործողություններին, հետո ջնջել են ու անվավեր ճանաչել, ու ինչու են նույն մարտկոցի մեզնից առաջ զորացրվածներինը հաստատել, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին, մերը չեն հաստատել»,- հարց ուղղեց նախկին զինվորը՝ հավելելով, որ ԼՂՀ ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը ու ինքը, հնարավոր է, դատական կարգով բողոքարկի որոշումը: «Շատ հնարավոր է, որ դիմենք դատարան»,-ասաց Հայկը՝ հավելելով, որ ևս մեկ զինվորի՝ իր հետ ծառայած Արման Անանյանի զինգրքույկ էլ է ներկայացնում խմբագրություն՝ ապացուցելու համար, որ խնդիրը միայն իրեն չի վերաբերում:
Նշենք, որ նախորդ անգամ Հայկը Tert.am-ի խմբագրություն էր ներկայացրել իր ու նույն զորամասում ծառայած ընկերոջ զինգրքույկների լուսանկարները, որոնցից մեկում սպիտակ ներկով ջնջված էր ապրիլյան պատերազմին մասնակցելու հատվածը, իսկ մյուս զինգրքույկում պարզ երևում է, որ նախ գրվել է, որ զինվորը մասնակցել է ապրիլյան պատերազմին, հետո վրան կարմիր գրիչով գրվել է՝ անվավեր:










