Թրամփը դադարեցրել է փախստականների ընդունումը և խստացրել ԱՄՆ մուտքի կանոնները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է փախստականների ընդունումն ԱՄՆ 120 օրով, անորոշ ժամկետով արգելվում է Սիրիայից փախստականների ընդունումը և խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Թրամփը Պենտագոնում հրամանագրի ստորագրման արարողությանը հայտարարել է, որ այսուհետ փախստականների ընտրությունն «էքստրեմալ» է լինելու։
«Դա երկրի պաշտպանությունն է օտարերկրյա ահաբեկիչների ժամանումից»,- հայտարարել է Թրամփը։
Բացի այդ, փախստականների առավելագույն թիվը, որոնց Թրամփը թույլ է տվել ընդունել ԱՄՆ, ընթացիկ ֆինանսական տարում (կավարտվի սեպտեմբերի 30-ին) կկազմի 50 հազար։ Այդկերպ ԱՄՆ-ն մինչև սեպտեմբեր կընդունի 20 հազարից ոչ ավելի փախստական։
Թրամփը հրահանգել է նաև անհապաղ պարտադիր հարցազրույց սահմանել ոչ իմիգրացիոն վիզաներ ստանալու համար և արագացնել ԱՄՆ մտնողների վերահսկողության կենսաչափական համակարգի ստեղծումը։ Մասնավորապես՝ Պետդեպարտամենտին հանձնարարվել է չեղյալ հայտարարել ծրագիրը, որը թույլ էր տալիս որոշ երկրների քաղաքացիների մի շարք իրավիճակներում չանցնել հարցազրույց վիզա ստանալիս։










