Ես տեսա, որ հարվածում էին Հայկազ Բարսեղյանին, հետո նրան տարան, վախեցա միջամտել. կուրսանտի սպանության գործով վկայի ցուցմունքը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօր դատական նիստին հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Գևորգ Վարդանյանը, ով դեպքի գիշերը եղել է նույն սենյակում՝ Հայկազ Բարսեղյանի մահճակալից մոտ 2 մետր հեռավորության վրա:
Գևորգ Վարդանյանն ասաց, որ ինքը տեսել է, որ հարվածներ են հասցրել Հայկազ Բարսեղյանի կրծքավանդակին. «Ես տեսա, որ խփում են Հայկազ Բարսեղյանին և քաշվեցի դեպի պահարանի կողմը, որպեսզի չնկատեն, որ ես տեսել եմ»,- ասաց Վարդանյանը:
Վկան հայտնեց, որ հունվարի 29-ի գիշերը ժամը երեքի սահմաններում ձայներ է լսել և արթնացել է: Վկան տեսել է, որ Հայկազ Բարսեղյանի գլխավերևում կանգնած են եղել Նորիկ Սահակյանն ու Գնել Թևոսյանը, մյուս կողմում կանգնած են եղել Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը. «Վաչեն ու Մովսեսը ոնց որ թե չէին խփում, հիմնականում Գնելն ու Նորիկն էին խփում և կրծքավանդակի հատվածում: Հայհոյանքներ էլ հնչել են Հայկազ Բարսեղյանի կողմից, Հայկազն ասում էր՝ ուզում եք սպանել, իսկ իրենք ասում էին՝ սուս մնա»:
Գևորգ Վարդանյանը պատմեց, որ վերարկուն թիկունքներին գցած Հայկազ Բարսեղյանին տարել են Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը. «Ես պառկած մնացի, մտածեցի, որ ուշաթափվել է և տանում են, որ ուշքի բերեն: Հետո Գնելն եկավ, թե՝ սրա մասին ոչ ոք չիմանա: Չէի հասկանում ինչ է կատարվում, ինձ հարց չեմ տվել՝ Հայկազը հետ եկավ, թե ոչ: Առավոտյան արթնացա, միշտ Հայկազն էր շուտ արթնանում և մեզ քնից հանում, այդ օրը ես տղաներին ասացի՝ ասեք Հայկազն արթնանա, թվում էր թե նա տեղաշորի մեջ էր, սակայն տղաներից մեկը քաշեց անկողինն ու տեսանք, որ Հայկազը չկա»:
Վկան ասաց, որ հրաման է եղել գտնել Հայկազ Բարսեղյանին: Ինքը տեսել է, որ Հայկազ Բարսեղյանը կախված է պտտաձողից՝ գետնին կպած, կախված, ծալված ոտքերով:
Մեղադրող դատախազի հարցին, թե ինչո՞ւ տեսնելուց հետո չի միջամտել, Գևորգ Վարդանյանը պատասխանեց, որ վախեցել է. «Մի քանի պատճառներ կային. նախ՝ ես այն հարաբերությունը չունեի, որ սաստեի, ամեն մեկն իր հերթին սերժանտ էր, նաև վախեցել եմ»:
Անդրադառնալով Հայկազ Բարսեղյանի ննջարանում հայտնաբերված այն գրությանը, թե ինքնասպանություն է գործել և խնդրում է ոչ ոքի չմեղադրել, Գևորգ Վարդանյանն ասաց, որ տեսել է այդ գրությունը և քննիչներին հայտնել է, որ դա Հայկազ Բարսեղյանի ձեռագիրը չէ. «Հայկազը մանր էր գրում, մի քանի անգամ նրա լեկցիաները վերցրել եմ և ձեռագրին ծանոթ եմ»:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










